• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հարցազրույցը Վիետնամի ձայն ռադիոկայանին։

12 մայիսի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հարցազրույցը Վիետնամի ձայն  ռադիոկայանին։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի դեսպան: Վիետնամի ներկայիս զարգացման հաջողությունները նախանձելի են.

(Վիետնամի ձայն միջազգային) - Վիետնամի ներկայիս հաջողությունները մի շարք ոլորտներում, հատկապես տնտեսության, միջազգային հարաբերությունների և մասնագետների վերապատրաստման ոլորտներում, ուշագրավ արդյունքներ են, որոնց կարող են նախանձել տարբեր երկրներ»,- նշել է Վիետնամում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը «Վիետնամի ձայն» ռադիոյի թղթակցին տված հարցազրույցում, որը վերաբերում էր Վիետնամում տեղի ունեցած զարգացումներին և փոփոխություններին, ինչպես նաև երկու երկրների համագործակցության հեռանկարներին՝ Վիետնամի վերամիավորումից 48 տարի անց:

- Հարգելի պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Վիետնամի ներկայիս զարգացումն անկախության հռչակման պահից մինչ այժմ։

Ես առաջին անգամ այցելել եմ Վիետնամ 1992 թվականի դեկտեմբերին՝ Վիետնամ ժամանած հայկական առաջին պատվիրակության կազմում՝ Հայաստանի փոխնախագահի՝ Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Այդ ժամանակ Հանոյում բարձրահարկ շենքեր չկային, փողոցներում մարդիկ հիմնականում տեղաշարժվում էին հեծանիվներով, չկային մեքենաներ ու մոտոցիկլետներ։ Մեքենաները նախատեսված էին միայն պետական պատվիրակությունների համար: Իսկ ներկայումս՝ փողոցները լի են մեքենաներով ու մոտոցիկլետներով, իսկ հեծանիվը հիմնականում օգտագործվում է մարզական նպատակներով: Չնայած պաշտոնական այցն ընդամենը մի քանի օր տևեց, այն ինձ վրա թողեց անմոռանալի տպավորություններ խաղաղասեր Վիետնամի մասին:

Այդ այցից 27 տարի անց՝ 2019 թվականի հուլիսին, ժամանեցի Վիետնամ՝ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակում։ Պետք է խոստովանեմ, որ երբ ես ընտանիքիս հետ ժամանեցի Հանոյի «Նոյ Բաի» օդանավակայան՝ տեսնելով Վիետնամում տեղի ունեցած հսկայական փոփոխություններն ու զարգացումները, հասկացա, որ ժամանել եմ լիովին այլ Վիետնամ:

Վիետնամում անցկացրած իմ  տարիների ընթացքում ես ականատես եմ եղել ոչ միայն այս երկրի զարգացմանն ու փոփոխություններին, այլև դրանց չափազանց արագ տեմպերին։ Օրինակ՝ մեր դեսպանությունից ոչ հեռու գտնվում է Lotte Տայ Հո առևտրի կենտրոնը: Այս հսկայական համալիրի շինարարությունն արագ տեմպերով սկսվել է միայն 2021 թվականին, և երկու տարում այն ​​արդեն մոտենում է ավարտին։ Բացի այդ, ակնառու է, որ Վիետնամը շատ համաչափ է զարգանում թե՛ քաղաքներում, թե՛ մարզերում, թե՛ գյուղական շրջաններում։

Վիետնամը Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի առաջատար զարգացած երկրներից մեկն է իր քաղաքական կայունությամբ, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն միջազգային հանրության, այլև իր երկկողմ գործընկերների և հատկապես այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլն: Վիետնամի՝ բացարձակ ռեկորդային թվով «կողմ» ձայներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որպես ոչ մշտական անդամ ընտրվելն, ինչպես նաև բազմաթիվ երկրների կողմից` միջազգային կարևոր հիմնախնդիրներում Վիետնամի ներկայացրած առաջարկությունների և արտահայտված դիրքորոշումների հարգումն ու ընդունումը, ցույց է տալիս Վիետնամի բազմավեկտոր զարգացման քաղաքականությունը։ Այն չի սահմանափակվում միայն քաղաքական ոլորտով, այլև ներառում է մշակույթի և արտաքին քաղաքականության ոլորտները։ Կարելի է ասել, որ Վիետնամի կողմից տարբեր ոլորտներում ներկայումս գրանցված բազմաթիվ հաջողությունները, հատկապես տնտեսության, արտաքին քաղաքականության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում, ուշագրավ արդյունքներ են, որոնց կարող են նախանձել տարբեր երկրներ։

Վիետնամում աշխատելու ժամանակահատվածում ես առիթ եմ ունենում շփվել վիետնամցիների տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ։ Նրանց թվում են մարդիկ, ովքեր ապրել և ստեղծագործել են մինչև 1945 թվականը, ովքեր մասնակցել են ազգային անկախության համար պայքարին, այդ թվում երկրի «Դոյ Մոյ» տնտեսական բարեփոխումներում ներգրավված մարդիկ, ինչպես նաև վիետնամցի երիտասարդներ, գիտնականներ, ուսանողներ, մասնագետներ, ովքեր սովորել են արտերկրում և այժմ վերադարձել են իրենց հայրենի երկիր՝ հայրենիքին ծառայելու համար։ Ես բարձր եմ գնահատում վիետնամցի երիտասարդ սերնդի և մտավորականների տաղանդը, ովքեր շատ աշխատասեր ու հետաքրքրասեր են և միշտ փորձում են սովորել և բացահայտել իրենց համար նոր բաներ: Երիտասարդ սերունդը կարևոր գործոն է հայրենասիրական ավանդույթների ու նախորդ սերնդի սկսած հաջողության շարունակման, ինչպես նաև Վիետնամի հետագա զարգացումն ապահովելու գործում։

- Նախկինում Հայաստանը Խորհրդային Միության կազմում ինչպե՞ս էր աջակցում վիետնամցի ժողովրդին ազգային անկախության համար մղվող պայքարում։ Խնդրում եմ, կարո՞ղ եք մեզ պատմել որոշակի պատմություն, որը դուք գիտեք այդ ժամանակի մասին:

Հայաստանը մինչև 1945 թվականը, դեռևս լինելով Խորհրդային Միության կազմում, շատ ակտիվորեն աջակցում էր Վիետնամին՝ իր ազգային անկախության համար մղված պայքարում։ Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինի «Չկա ավելի թանկարժեք բան, քան անկախությունն ու ազատությունը» խոսքերը այսօր դեռևս մեծ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար։ Վիետնամի անկախության հաստատումից և երկրի վերամիավորումից հետո, Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերել բարեկամ Վիետնամին՝ պատրաստելով բազմաթիվ մասնագետներ գիտական ​​և տեխնիկական ոլորտում՝ երկրի շենացման և զարգացման համար: Բազմաթիվ հայ ռազմական փորձագետներ, քաղաքացիական ինժեներներ և մասնագետներ իրենց նպաստն են բերել Վիետնամի բարեկամ ժողովրդի ազատագրական  պայքարի գործում: Անհրաժեշտ է ընդգծել, որ 1950-90-ական թթ. Հայաստանի բարձրագույն և միջնակարգ ոսումնական հաստատություններն ընդունել և կրթություն են տվել գրեթե 2000 վիետնամցի ուսանողների։ Նրանք հիմնականում սովորել են Երևանի պետական ​​համալսարանում, Պոլիտեխնիկ ինստիտուտում և Կոնսերվատորիայում՝ ստանալով ռուսաց լեզվի, ֆիզիկիոսի, կենսաբանի, կենսաքիմիկոսի, ինժեների, ինժեներ-շինարարի, երաժիշտի և այլն մասնագիտացումներ։ Նրանք մինչ այժմ վառ հիշողություններ ունեն Հայաստանի ու հայերի մասին։ Ներկայումս նրանք հանդիսանում են Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներ, որի հետ մեր դեսպանությունը շատ սերտ հարաբերություններ ունի։ Նրանք ներկայումս ևս իրենց ավանդն ունեն մեր երկրների միջև համագործակցության և բարիդրադցիական հարաբերությունների խթանման գործում։

Հայաստանում շրջանառվում է այսպիսի մի պատմություն, որն ինչ-որ չափով փոքր-ինչ խորհրդավոր է և ես փորձում եմ գտնել որոշակի փաստեր ու ապացույցներ դրա վերաբերյալ Վիետնամում։ Ցավոք սրտի, ես դեռ չեմ գտել դրա ապացույցները, միգուցե վատ եմ փնտրել։ Իսկ պատմությունն այսպիսին է․ հայ զինվորական սպաների մի խոմբ, որ դեսանտավորվել էր Սայգոնից ոչ հեռու, պետք է դիմավորեր մի բուդդիստ վանական և ուղեկցեր հայ զինվորականներին հյուսիսային Վիետնամի զորքերի հետ հանդիպման վայրը։ Ճանապարհին հայ զինվորականները միմյանց հետ, բնականաբար, խոսում են հայերեն և հանկարծ վիետնամցի վանականը ևս սկսում է նրանց հետ հայերեն խոսել ։ Հայերն իհարկե զարմանում են և հարցնում են, թե վանականը որտեղից գիտի հայերեն լեզուն։ Նրա պատասխանն էլ ավելի է զարմացնում հայերին։ Պարզվում է, որ դեռևս միջնադարում, երբ հայկական առևտրական նավերը հաճախակի հանգրվանում էին վիետնամական նավահանգիստներում և Տոնկինը հայկական առևտրային կենտրոնն էր, այնտեղ կային նաև հայկական դպրոցներ, որոնք հաճախում էին նաև բազմաթիվ տեղացի բնակիչներ։ Այդ դպրոցի աշակերտներից ոմանք, ովքեր հետագայում դարձել են վանականներ, օգտագործել են հայերեն լեզուն և ինչ որ ժամանակ անց այն դարձել է բուդդիստական տաճարների ու վանականների ներքին հաղորդակցության լեզուն:

Ես շատ շնորհակալ կլինեմ «Վիետնամի Ձայն» ռադիոյի ունկնդիրներին, եթե նրանցից ինչ-որ մեկը հավելյալ փաստեր կամ պատմություններ տրամադրեր այս պատմության առնչությամբ։

-Ի՞նչ գնահատական ​​և ակնկալիքներ ունեք ներկայումս մեր երկու երկրների համագործակցության վերաբերյալ։

Վերջին 30 տարիների ընթացքում՝ սկսած  1992 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի և Վիետնամի դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր, մեր երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար առաջընթաց զարգացել են ինչպե՛ս երկկողմ, այնպե՛ս էլ բազմակողմ մակարդակներում։ Ներկայումս մեր երկրների քաղաքական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Երկու երկրները նպաստում են քաղաքական, տնտեսական, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ նորանոր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը։ Միանշանակ է, որ Հայաստանն ու Վիետնամը հաջողությամբ զարգացնում են հարաբերություններն ինչպե՛ս երկկողմ, այնպես էլ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են օրինակ՝ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլն: Մեր երկու երկրները նաև աջակցում են միմյանց նախաձեռնություններին և թեկնածություններին միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Մեր երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։ Հայաստանը կարող է Վիետնամ արտահանել գյուղատնտեսական ապրանքներ՝ թարմ մրգեր, չրեր, պահածոներ, կոնյակ, գինի, շինանյութեր։ Վիետնամը կարող է Հայաստան արտահանել սուրճ, բրինձ, պղպեղ, համեմունքներ, թեյ, տեքստիլ, շինանյութ, էլեկտրոնիկա, համակարգիչներ ու դրանց պահեստամասեր։ Երկու երկրները կարող են համատեղ զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները և գիտական ​​հետազոտությունները։

Կարծում եմ, որ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը կարող է նպաստել զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանումը, ինչը սերտորեն առնչվում են միջանձնային հարաբերություններին։

Կարևոր որոշումներ են ընդունվել մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ։ Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 11-ից  հանվել է Հայաստանից ֆիզիկական անձանց կամ իրավաբանական կազմակերպությունների կողմից հրավեր ստանալու պահանջը՝ Վիետնամի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում էին Հայաստան այցելել զբոսաշրջության նպատակով։ Ներկայումս նրանք կարող են Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալ կա՛մ դեսպանատնից, կա՛մ դիմել առցանց՝ մուտքի արտոնագիր ստանալու համար։

Հայաստանի դեսպանությունը քննարկում է Երևան-Հանոյ կամ Երևան-Հո Շի Մին ուղիղ օդային հաղորդակցության բացման հնարավորությունը Վիետնամի օդային հաղորդակցության կառավարման ընկերության (VATM) և Վիետնամի ավիացիոն բիզնեսի ասոցիացիայի (VABA), Vietnam Airlines և VietJet  ավիաուղիների հետ։ Վստահ եմ, որ դա նոր խթան կհանդիսանա մեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներին և զբոսաշրջության  թվերի մեծացմանը։

2020 թվականին Հայաստանի դեսպանությունը և 10 վիետնամական զբոսաշրջային կազմակերպություններ մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերել Հայաստանում շրջագայություններ կազմակերպելու հարցում տարբեր ձևաչափերով՝ կարճաժամկետ (3-4 օր), միջնաժամկետ (7 օր) և երկարաժամկետ այցելություններ (երկու շաբաթ): Հուսով ենք, որ մոտակա ժամանակահատվածում Հայաստան այցելած վիետնամցի զբոսաշրջիկների թիվը զգալիորեն կավելանա՝ Հայաստանի բնությունը տեսնելու, հանգիստը կազմակերպելու և մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության հետ ծանոթանալու համար։

Իմ կարծիքով, երկու երկրների ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցները զբոսաշրջությունը, մշակույթը և հատկապես ազգային խոհանոցն է։ Ապագայում մեր դեսպանատունը նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի և Վիետնամի միջև մշակութային և խոհարարական փոխանակմանը։

Հայաստանի դեսպանությունը Վիետնամի կրթության, սպորտի և զբոսաշրջության նախարարության հետ քննարկել է մշակութային ծրագրերի փոխանակման կազմակերպման հարցը, որն իր մեջ ներառում է Հայաստանում Վիետնամի մշակութային օրերի և Վիետնամում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպումը: Մշակութային միջոցառումների շրջանակներում կցանկանայի ներկայացնել վիետնամական և հայկական պատմությունը և սովորույթները, ներառյալ ազգային երաժշտությունն ու ազգային գործիքների վրա նվագելը, վիետնամական «աոզայ» տարազների ցուցադրումը, ջրի վրա տիկնիկային ներկայացումը և այլն: Նման միջոցառումները թույլ են տալիս երկու երկրների ժողովուրդներին մերձենալ միմյանց:

Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է նաև՝ Երևան-Հանոյ, Գյումրի-Հո Շի Մին և Վանաձոր-Դանանգ միջև քույր-քաղաքներ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

Հայաստանի դեսպանությունն արտաքին գործերի նախարարության հետ քննարկում է լրագրողների փոխանակում կազմակերպելու հնարավորությունը։ Նախատեսվում է հայկական մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Վիետնամ՝ հայ ընթերցողներին և հեռուստադիտողներին ծանոթացնելու Վիետնամի տեսարժան վայրերի, ավանդույթների, սովորույթների, խոհանոցի և ժողովրդի հետ։ Իր հերթին, Վիետնամի ԶԼՄ-ների ներկայացուցիչները նույնպես կայցելեն Հայաստան և վիետնամցի ընթերցողներին և հեռուստադիտողներին նույնպես կներկայացնեն Հայաստանի տեսարժան վայրերը, ավանդույթները, սովորույթները, խոհանոցն ու ժողովրդին։

Կրթության ոլորտում անհրաժեշտ է ավելացնել Հայաստանի և Վիետնամի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրվող կրթաթոշակների թիվը։ Ներկայումս Վիետնամում սովորում է միայն մեկ հայ, իսկ Հայաստանում՝ 2 վիետնամցի ուսանող։ Հայաստանի դեսպանությունը համակարգում է համագործակցությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վիետնամի Հանրապետության կրթության և ուսուցման նախարարության միջև՝ վիետնամցի ուսանողներին Հայաստանում և Վիետնամում հայ ուսանողներին սովորելու համար կրթաթոշակներ տրամադրելու համար: Ուսանողները կստանան կրթաթոշակներ հանրակացարաններում ապրելու և առօրյա կյանքը կազմակերպելու համար: Կրթաթոշակներ են առաջարկվում բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար:

- Ինչպե՞ս եք գնահատում Վիետնամի դերը հակամարտությունների կանխման և ողջ աշխարհում խաղաղության պահպանման գործում:

Վիետնամն իր վարած արտաքին քաղաքականությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ  հարթակներում, միշտ հստակ ցույց է տալիս, որ երկիրը կարող է զարգանալ՝ հաշվի առնելով հարևան երկրների ու շատ այլ երկրների շահերը։ Վիետնամը զարգացող ու խաղաղ երկիր է և արդարացի մոտեցումներ է ցուցաբերում համաշխարհային խնդիրների նկատմամբ։ Վիետնամի՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում ոչ մշտական ​​անդամ ընտրվելը վերահաստատում է կարևոր միջազգային ընթացակարգերում Վիետնամի դերը և միջազգային հանրության կողմից Վիետնամին ցուցաբերած վստահությունը, որ երկիրը կարող է խաղաղ լուծումներ գտնել աշխարհի տարբեր մասերում առկա խնդիրների և տարաձայնությունների հարթման համար՝ նպաստելով մոլորակի վրա հակամարտությունների կանխարգելմանը և խաղաղության պահպանմանը: Վիետնամի պատմությունը սովորեցրել է վիետնամցիներին, որ հաղթանակի, անկախության և խաղաղության հասնելը շատ բարդ խնդիր է, բայց երբ խաղաղություն է հաստատվում, երկիրը, նրա ժողովուրդը և ապագա սերունդները պետք է գնահատեն և փայփայեն այն իրենց ամբողջ ուժով:

- Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ զրույցի համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: